Համաշխարհային տնտեսական ֆորումում ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը կանխատեսել է, որ մի քանի տասնամյակ անց աշխարհը կդառնա միլիարդավոր մարդանման ռոբոտների տուն: «2030-2031 թվականներին, մոտ հինգ տարի անց, արհեստական բանականությունը կլինի ավելի խելացի, քան ամբողջ մարդկությունը միասին վերցրած»,- ասել է նա:               
 

Եկեղեցին չի կարող «բարենորոգվել» աղանդների լեզվով

Եկեղեցին չի կարող «բարենորոգվել» աղանդների լեզվով
24.01.2026 | 15:20

Եկեղեցու դեմ տեղի ունեցող պետական տեռորը, որն առանց որևէ երկմտանքի իրականացվում է Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, ակնհայտ գլոբալիստական նարատիվների և «պատմական կաղապարներից» դուրս գալու հայտնի պահանջի դոգմաներից մեկն է, որն օրվա իշխանությունը փայլուն կյանքի է կոչում։ Շատ է խոսվել այն մասին, որ փաշինյանական իշխանությունը բավական սերտաճած է աղանդների հետ, ավելին՝ 2018-ի հակապետական գործողությունների ժամանակ այդ «սաստավը», ըստ օդում կախված տարբեր լուրերի, ունեցել է առանցքային դերակատարում, այդ թվում՝ ֆինանսների մասով։

Բնավ պատահական չէ, որ Փաշինյանը և նրա պնդումները թութակի նման կրկնողները հայտարարում են, թե «Հայ առաքելական եկեղեցին կրոնական կառույց է», և ամեն կերպ փորձում Սրբության Սրբոցը իջեցնել շարքային աղանդի աստիճանի։ Ասեմ նաև, որ իշխող վարչախմբի կազմում բավական մեծ թիվ են կազմում աթեիստները, տարբեր աղանդների (ռեյմա, հիսունական, «Կյանքի խոսք» և այլն) ներկայացուցիչները, ահա, տրամաբանական է նաև, որ սրանք ամեն ինչ անելու են եկեղեցու կազմաքանդման գործն ամբողջովին ու հիմնական ավարտին հասցնելու նպատակով։ Ասեմ, որ Փաշինյանի կողմից շատ հաճախ ներկայացվող «սաղմոսները» նույնպես աղանդային աղավաղումներ ունեն։ Ի դեպ, երբ վերջինս անընդհատ տիրաժավորում է այն թեզը, թե «իմ և Աստծո միջև կապ հաստատելու համար միջնորդ պետք չէ», սա աղանդավորական դասական ձևակերպում է։

Ինչևէ, ասված թեզերի վառ ապացույցը այսօր տեղի ունեցած մի իրադարձություն է, որը կայացել է ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ում փաշինյանական վարչախմբի ներկայացուցիչ Մկրտչյան Նարեկը հանդիպել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու («մորմոնների եկեղեցու») Առաջին նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսի, Առաջին խորհրդական Հենրի Բ. Այրինգի և Երկրորդ խորհրդական Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետ (լուսանկարում)։

Հիմա ուշադրություն․ Մկրտչյան Նարեկը խոսել է կառույցի «երկարամյա մարդասիրական» գործունեության մասին։ Չեմ խոսում, որ աղանդը հասարակության պառակտման, այն աղճատելու, ողջ տրամաբանությունը ձևախեղելու համար ստեղծված մի մամլիչ է, այլ այն, որ «մարդասիրական» ձևակերպումն է տրվում մի հիմնարկի, որի նպատակը ընդհանրապես կապ չունի հայկական օրակարգի հետ։ Էդքանը լավ չի, մի հատ էլ հատուկ շքանշանով պարգևատրեիք ու ասեիք, որ առաջիկայում ավելի «պրախոդ» եք տալու դրանց։ Համաձայնեք, որ այս ամենն ամբողջությամբ տեղավորվում է փաշինյանական «եկեղեցի բարենորոգելու» թեզի տրամաբանության մեջ. հիմա շատ ավելի հասկանալի է դառնում, թե նաև ովքեր պետք է դառնան հայի հոգևոր «բարենորոգիչները»:

Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված այս քաղաքական գիծը ոչ թե «աշխարհիկության» կամ «բարեփոխումների» դրսևորում է, այլ ինքնությունից հրաժարվելու ծրագիր․ որովհետև այն պետությունը, որը պատերազմ է հայտարարում իր հոգևոր, պատմական և արժեքային հենասյուների դեմ, իրականում քանդում է սեփական սուվերենության վերջին պատնեշը։ Եկեղեցին չի կարելի «բարենորոգել» աղանդների լեզվով, ինչպես չի կարելի ազգը վերածել վարչական միավորի՝ առանց հիշողության, առանց ավանդույթի և առանց դիմադրողականության։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 128

Մեկնաբանություններ